Լուրեր

Նիստ ՀՀ Հանրային խորհրդում

ՀՀ Հանրային խորհուրդը՝ քաղաքականությունների մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու իր հանձնառության շրջանակներում շարունակում է հանդիպում-քննարկումները տարբեր ոլորտների մասնագետների, գործընկերների, հանրային և մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ:  

Հերթական հանդիպումների շարքում Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ընդունել է «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցին, ով ավելի վաղ ՀԽ նախագահին էր ներկայացրել մանրամասն տեղեկատվություն հիմնադրամի կողմից նախկինում իրականացված գործունեության և ապագայում պլանավորվող մի շարք ծրագրերի մասին: Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են հայ-չինական տնտեսական փոխգործակցությունը, ներդրումների խթանումը Հայաստանում և երկկողմ կապերն ամրապնդելուն ուղղված այլ ուղղություններ:

Այս հանդիպման նպատակն էր ՀԽ նախագահին ներկայացնել մասնավորապես «COVID-19» համավարակի դեմ պայքարի շրջանակում չինական կողմից Հայաստանին անհատույց տրամադրվող նյութատեխնիկական այսօրինակ աջակցության գործընթացը, որի ընթացքում առաջ են եկել մի շարք դժվար հաղթահարելի տեխնիկական խնդիրներ:

Հիմնադրամի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագրից» ելնելով և կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում՝ հունիս ամսին Հայնան նահանգից Շիրակի մարզ են ուղարկվել 10 հազար պաշտպանիչ վիրաբուժական դիմակներ, որոնք հատկացվել են մարզի բժշկական հաստատություններին։

Հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո խոչընդոտները հաղթահարելու հարցում որպես աջակցող և գործընթացները խթանող կողմ կարող է հանդես գալ ՀՀ Հանրային խորհուրդը:

Հանրային խորհուրդը կարող է ստանձնել միջնորդի գործառույթ՝ ՀՀ-ին ուղղվող աջակցության գործընթացը պարզեցնելու հարցում: