Լուրեր

Շիրակի մարզպետն ընդունել է «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչներին

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչներին և Չինաստանից ժամանած մի շարք գործարարների։
Ողջունելով պատվիրակությանը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ չափազանց կարևորում է հիմնադրամի գործունեությունն ու չինական կողմի հետ տարբեր բնագավառներում համագործակցությունն առավել առարկայական դարձնելը․ «Հայ-չինական բարեկամությունը երկար դարերի պատմություն ունի։ Այժմ էլ մեր երկու երկրներն առանձնահատուկ կարևորում են առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը։ Մենք ևս պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք մեր հնարավորությունների սահմաններում համակողմանի գործընկերության ամրապնդման ու խորացման համար։ Այդ նպատակով արդեն հիմնադրամի հետ ստորագրել ենք համագործակցության մասին հուշագիր, որի արդյունքն է նաև այս հանդիպումը»։
Տիգրան Պետրոսյանը ողջունել է հիմնադրամի ակտիվ աշխատանքը, որի արդյունքները սպասեցնել չեն տվել և կան արդեն գործնական առաջին քայլերը մի շարք բնագավառներում համագործակցության և հնարավոր ներդրումների ներգրավման։
«Հայ-չինակական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախագահ Սերգեյ Ավանեսովը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անունից ջերմ ընդունելության համար և նշել, որ համագործակցությունը արդյունքներ է ցույց տալիս մարզային իշխանությունների պատրաստակամության և համագործակցությանը գործնական քայլերով նպաստելուն։
«Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի խոսքերով էլ առանձնապես ողջունելի է անհարժեշտ տեղեկատվության ժամանակին և արհեստավարժորեն տրամադրումը․ «Մենք իրապես շնորհակալ ենք ձեզնից պրոֆեսիոնալ ու պատրաստակամ աշխատանքի համար։ Շիրակի մարզի հետ համագործակցույթունը կարելի է ստացված համարել, քանզի մենք արդեն կարողացել ենք չինական կողմին ներկայացնել մի շարք առաջարկներ։ Արդեն կան հետաքրքրվողներ, քայլեր կձեռնարկվեն բազալտի արտադրության ու վերամշակման առումով, քննարկվում են շինարարության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցեր»։
Հանդիպմանը մասնակցել է «Heilongjiang Chenxu» անշարժ գույքի ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Չժաո Վեյը, իսկ «Եվրասիական կազմակերպության տնտեսական համագործակցության» քարտուղարի տեղակալ Գե Չժիենի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի միջև ստորագրվել է համաձայնագիր երկու երկրների մասին պատմող ֆիլմերի ու հեռուստահաղորդումների փոխադարձ ցուցադրության մասին։