Լուրեր

Շիրակի մարզի և Չինաստանի Խայնան նահանգի միջև կնքվելու է համագործակցության հուշագիր

Շիրակի մարզպետարանի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»-ի միջև երեք ամիս առաջ կնքված համաձայնագրի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ներկայացուցիչներին և Չինաստանից ժամանած գործարարներին։
 
«Հայ-չինական բարեկամությունը երկար դարերի պատմություն ունի։ Այժմ էլ մեր երկու երկրներն առանձնահատուկ կարևորում են առևտրատնտեսական կապերի խորացումն ու ընդլայնումը։ Մենք ևս պատրաստ ենք համագործակցության և ամեն ինչ կանենք մեր հնարավորությունների սահմաններում համակողմանի գործընկերության ամրապնդման ու խորացման համար։ Այդ նպատակով արդեն հիմնադրամի հետ ստորագրել ենք համագործակցության մասին հուշագիր, որի արդյունքն է նաև այս հանդիպումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առանձնացնելով հիմնադրամի ակտիվ աշխատանքը՝ նշեց Տիգրան Պետրոսյանը։
«Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի խոսքերով՝ առանձնապես ողջունելի է Շիրակի մարզպետարանի կողմից անհրաժեշտ տեղեկատվության ժամանակին տրամադրումն ու  համագործակցությունը։ Համագործակցության արդյունքում առաջիկայում, Շիրակի մարզի  և   Չինաստանի Խայնան նահանգի միջև  կնքվելու  է համագործակցության հուշագիր: «Նրանք պատրաստ  են անմիջապես մի քանի ծրագրերով ներդրումներ իրականացնել՝ բազալտի և բազալտային թելերի արտադրության, բնակելիների շինարարության, ՏՏ ոլորտի զարգացման,  տարբեր  արտադրանքների, այդ թվում նաև սննդամթերքի արտահանման հետ կապված: Ներդրողները շատ ավելի են հետաքրքրված, քան մենք կարող էինք  պատկերացնել»,- տեղեկացրեց հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցը՝ վստահեցնելով, որ Գյումրիում հնարավոր է ոչ միայն բնակարանային շինարարություն, այլ նաև  հնարավորության դեպքում նաև չվերթներ  իրականացնել: «Արդեն բանակցություններ են տարվում մի քանի ավիաընկերությունների հետ՝  Չինաստան-Հայաստան չվերթ իրականացնելու մասին, իսկ ինչ վերաբերում է օդանավակայանի ընտրությանը, ապա  դա քննարկվում է, թե որ  օդանավակայանն ավելի հարմար կլինի չինական ավիաընկերությունների համար, եթե Գյումրու օդանավակայանը կհամապատասխանի չինական ավիաընկերությունների  տեխնիկական նորմերին, ապա  առաջնահերթությունը կտրվի նրան»,-նշեց Վլադիմիր Սիմոնյանցը: Ձեռնարկված քայլերի արդյունքում «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամ»-ին տրված է հնարավորություն իրականացնելու ապրանքների արտահանում Շիրակի մարզից Չինաստան՝ Խայնան: Խայնանում նախատեսվում է բացել հայկական առևտրական պալատ։
 
Հանդիպման ընթացքում Եվրասիական կազմակերպության տնտեսական համագործակցության քարտուղարի տեղակալ Գե Չժիենի և «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի միջև ստորագրվեց  համաձայնագիր երկու երկրների մասին պատմող ֆիլմերի ու հեռուստահաղորդումների փոխադարձ ցուցադրության մասին։
 
Արմենուհի Մխոյան