news feed/arm

Հայաստանը National Geographic-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի 25 լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում

2026 թվականի հոկտեմբերի 20-ին միջազգային հեղինակավոր National Geographic պարբերականը հրապարակել է իր ամենամյա «Best of the World 2027» («Աշխարհի լավագույն ուղղությունները 2027») ցանկը՝ Հայաստանը ներառելով 2027 թվականի համար աշխարհի 25 ամենագրավիչ զբոսաշրջային ուղղությունների շարքում։

Պարբերականը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի հարուստ բնական և մշակութային ժառանգությանը, գեղատեսիլ լեռնային բնապատկերներին, հնագույն վանքերին, գինեգործական ավանդույթներին և զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքներին։

Հայաստանի՝ այս հեղինակավոր միջազգային ցանկում ընդգրկվելու հիմնական պատճառներից մեկը Անդրկովկասյան արշավային արահետն է (Transcaucasian Trail), որի հայկական հատվածի երկարությունը գերազանցում է 800 կիլոմետրը՝ ձգվելով երկրի հարավում գտնվող Մեղրիից մինչև հյուսիսում գտնվող Արփի լիճը։

National Geographic-ը նշում է, որ արշավային երթուղիների զարգացումը, զբոսաշրջային նոր ճամբարատեղիների ստեղծումը, նավիգացիոն համակարգերի կատարելագործումը և թվային քարտեզների ներդրումը Հայաստանն ավելի հասանելի և գրավիչ են դարձնում օտարերկրյա այցելուների համար։

Պարբերականն առանձնահատուկ անդրադարձել է նաև Գեղամա լեռներին, Վայոց ձորի գինեգործական շրջաններին, Լոռու մարզի գեղատեսիլ կիրճերին և հայկական ավանդական բնակավայրերին, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն ծանոթանալու տեղի մշակույթին, խոհանոցին և կենսակերպին։

Հայաստանի ընդգրկումը «Best of the World 2027» ցանկում երկրի զբոսաշրջային ներուժի միջազգային կարևոր ճանաչում է։ Այն նպաստում է համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում մշակութային, էկոլոգիական, գաստրոնոմիական և արկածային զբոսաշրջության զարգացման համար։

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը

Հայաստանի միջազգային ճանաչման բարձրացումն ուղեկցվում է երկրի զբոսաշրջային ոլորտի դրական զարգացումներով։

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստան է այցելել 2 263 642 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 2,5%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։

Դրական միտումը շարունակվել է նաև 2026 թվականին։ Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 1 757 349 զբոսաշրջային այցելություն, ինչը 1,3%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Հատկապես նշանակալի աճ է գրանցվել 2026 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստան է այցելել 290 016 զբոսաշրջիկ՝ 26,6%-ով ավելի, քան 2025 թվականի սեպտեմբերին։

Այս ցուցանիշները վկայում են Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրության պահպանման և երկրի զբոսաշրջային ոլորտի հետագա զարգացման բարենպաստ հեռանկարների մասին։

Չինաստանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի զգալի աճը

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի աճը։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին Հայաստան է այցելել 45 004 չինացի զբոսաշրջիկ, մինչդեռ 2024 թվականին նրանց թիվը կազմել է 32 826։

Այսպիսով, ընդամենը մեկ տարվա ընթացքում չինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 37,1%-ով, կամ 12 178 մարդով։

Չինաստանն աստիճանաբար դառնում է Հայաստանի զբոսաշրջային ոլորտի առավել հեռանկարային շուկաներից մեկը։ Երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության զարգացումը, գործող առանց վիզայի ռեժիմը և զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը բարենպաստ պայմաններ են ստեղծում փոխադարձ զբոսաշրջային հոսքերի հետագա աճի համար։

Հայաստանի նկատմամբ չինացի ճանապարհորդների աճող հետաքրքրությունը նոր հնարավորություններ է բացում հայ-չինական համագործակցության համար՝ զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, մշակութային ճանապարհորդությունների կազմակերպման և համատեղ զբոսաշրջային ծրագրերի մշակման ոլորտներում։