news feed/arm

Հաղթահարելով լեռներն ու ծովերը՝ միասին կերտելով Մետաքսի ճանապարհի նոր էջը․ Չինաստան–Հայաստան հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Ցինբայցզյան

2026-09-24 09:11
Սեպտեմբերի 20-ին Չինաստան–Հայաստան հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի նախագահ դոկտոր Սերգեյ Ավանեսովը և Չինաստանում Հիմնադրամի ներկայացուցիչ Լյու Ինցին, Ցինբայցզյան շրջանի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության վարչության հրավերով, այցելել են Չենդուի միջազգային երկաթուղային նավահանգստի հիմնական գործառնական գոտի։ Պատվիրակությանը ջերմորեն ընդունել են վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝ Շեն Ցյուշին։

Տեղում․ փոխկապակցված ենթակառուցվածքներ

Պատվիրակությունն այցելել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում կառուցվող Չենդուի միջազգային երկաթուղային նավահանգստի ներմուծվող և արտահանվող ապրանքների ցուցադրության ու առևտրի կենտրոն, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Պատվիրակությունը եղել է նաև Չինաստան–Եվրոպա բեռնատար գնացքների կենտրոնում, համապարփակ մաքսային արտոնյալ գոտում և «Ասիա–Չենդու–Եվրոպա» երկրների ապրանքների տաղավարներում։

Այս օբյեկտները գտնվում են միմյանց հարևանությամբ և գործառույթներով լրացնում են իրար։ Աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ապրանքների բազմազանությունը մեծ տպավորություն է թողել պատվիրակության վրա։ Առանձնահատուկ ուշադրության է արժանացել Հայաստանի ազգային տաղավարը, որտեղ այժմ ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում։ Այն դառնալու է Սիչուանում Հիմնադրամի ամբողջությամբ պատկանող դուստր ընկերության՝ Armenia China (Sichuan) Business Services Co., Ltd.-ի գործունեության հիմնական հարթակներից մեկը։ Համապարփակ մաքսային արտոնյալ գոտու պահեստավորման հնարավորությունների և GACC-ի պահանջներին համապատասխան մաքսազերծման ընթացակարգերի շնորհիվ տաղավարը «Միջազգային հայկական առևտրի տուն» հարթակի ապրանքների և ծառայությունների համար դեպի չինական շուկա կայուն, երկարաժամկետ ուղի կբացի։

Առևտրային ուղիներ․ երկաթուղային հաղորդակցության առավելությունները

Չենդուի միջազգային երկաթուղային նավահանգստի ներմուծվող և արտահանվող ապրանքների ցուցադրության ու առևտրի կենտրոնում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3,3 միլիարդ յուան։ Երկաթուղային նավահանգիստը ձևավորել է ութ ուղղությամբ գործող 20 միջազգային երթուղիների ցանց, որը կապում է Չինաստանի և այլ երկրների ավելի քան 160 քաղաք։ Չենդուով և Չունցինով անցնող Չինաստան–Եվրոպա երթուղիներով տարեկան իրականացվում է ավելի քան 5500 բեռնատար գնացքի ուղերթ, իսկ դրանց ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 36 հազարը։ Ընդհանուր գործառնական ցուցանիշներով այս երթուղիներն առաջին տեղն են զբաղեցնում Չինաստանում․ Կենտրոնական Եվրոպա հասնելու համար պահանջվում է 12–14 օր։

Հիմնադրամն արդեն քննարկումներ է անցկացրել հայկական ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Ardshinbank-ի, Amio Bank-ի և Evocabank-ի հետ՝ արտահանման առևտրի ֆինանսական սպասարկման համակարգ ձևավորելու շուրջ։ Հիմնադրամը նաև նախատեսում է 2026 թվականի նոյեմբերին Չենդուում կազմակերպել հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառք։

Մշակույթ․ ավանդական արհեստները ճանապարհ են ընկնում երկաթուղով

Այցի ավարտին դոկտոր Սերգեյ Ավանեսովը և պատվիրակության անդամներն այցելել են պատմական Չենգսյան բնակավայր՝ շրջելով Արևմտյան փողոցում, այցելելով Վենմյաու և Ումյաու տաճարներ, ինչպես նաև Սյուչուան ակադեմիա։ Այնտեղ նրանք հանդիպել են շուրջ երկու հազար տարվա պատմություն ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ավանդույթը շարունակող վարպետի, որը նկարազարդում էր խոզուկների կերամիկական արձանիկներ։ Թրծվելուց հետո դրանք Չինաստան–Եվրոպա բեռնատար գնացքով կուղարկվեն Կենտրոնական Ասիա և Եվրոպա։

Դոկտոր Ավանեսովը կանգ է առել՝ հիանալու վարպետի աշխատանքով, և արտասահմանցի հյուրերին հրավիրել է այցելելու Չենգսյան՝ շրջայցերի, կրթական ծրագրերի և զբոսաշրջության նպատակով, ծանոթանալու չինական ավանդական մշակույթին և զգալու դրա կապը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ։

Հեռանկարներ․ ձևավորվում է երկկողմ առևտրային ուղի

Դոկտոր Ավանեսովի խոսքով՝ Ցինբայցզյանի հիմնական ենթակառուցվածքների հարևանությամբ գտնվելն ու փոխլրացնող գործառույթները հայկական ապրանքների համար ստեղծում են հարմար շղթա․ ժամանելուց հետո դրանք հնարավոր է անմիջապես պահեստավորել, ցուցադրել և վաճառքի ներկայացնել։

Հաջորդ փուլում Հիմնադրամը կնպաստի Հայաստանի ազգային տաղավարի հնարավորինս շուտ գործարկմանը։ Միաժամանակ, օգտվելով Չինաստան–Եվրոպա երկաթուղային ուղիներից, այն առաջ կմղի Հայաստանում «Չինական առևտրի տան» ստեղծումը՝ ձևավորելով երկկողմ առևտրի հնարավորություններ։

Ցինբայցզյան շրջանի ժողովրդական կառավարությունը մեծ կարևորություն է տալիս դոկտոր Ավանեսովի ղեկավարությամբ իրականացվող Հայաստանի ազգային տաղավարի նախագծին և նախատեսում է Հիմնադրամի հետ ստորագրել համագործակցության մի շարք հուշագրեր ու համաձայնագրեր։ Այս այցը նոր թափ է հաղորդել Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական ու մշակութային համագործակցությանը։